Փլուզում Գնդեվազ համայնքում՝ ոսկու հանքում պայթեցումների պատճառով

ԷկոԼուր

Ապրիլի 10-ին՝ ժամը 19:14-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոսկու հանքում պարբերաբար պայթեցման աշխատանքներ իրականացնելու պատճառով փլուզվել է երկհարկանի տան 1-ին հարկում գտնվող հացատան պատը (2 քմ): Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է գյուղի 5-րդ փողոցի տներից մեկին կից օժանդակ շինության պատը՝ 7 քմ: Տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին և Գնդեվազ գյուղի վարչական ներկայացուցչին:

«Ահազանգողն ինքն է ենթադրել, որ փլուզումը հանքի պայթյունի հետևանքով է եղել: Մեր օպերատիվ խումբը տեղում պարզել է, որ հին շինություն է եղել, ճաքեր է ունեցել: Մենք չենք կարող ասել՝ ինչի պատճառով է փլուզվել: Դա մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը պետք է պարզի», - ԷկոԼուրին փոխանցեցին ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մենք երեկ` երեկոյան, ենք իմացել փլուզման մասին, չգիտենք՝ ինչի հետևանքով է եղել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է ուղարկի իր մասնագետներին, որպեսզի իրենք մեր մասնագետների հետ պարզեն պատճառը», - փոխանցեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից:

ԷկոԼուրի հետ զրույցում Գնդեվազ համայնքի վարչական ներկայացուցիչ Հայրապետ Մկրտչյանը նշեց, որ համայնքի տարածքում պայթեցման աշխատանքներ իրականացնում է միայն «Լիդիան Արմենիա» ընկերությունը: «Լիդիան»-ը պատրաստվում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմանը և Գնդեվազ համայնքի տարածքում ներկայում կառուցում է ցիանային տարրալվացման հարթակը ոսկու կորզման համար:

«Իմ բնակիչը ինձ տեղյակ է պահել, որ փլուզվել է հացատան պատը: Ես եմ իրեն ասել՝ զանգի 911, որ գան, եզրակացություն տան՝ որն է եղել պատճառը: Քանի որ 911-ը նշել է, որ պատճառը հանքի պայթեցումներն են, ինձ այլ բան չի մնում ասել: Գյուղի տարածքում պայթեցումներ միայն «Լիդիան»-ն է անում: Գիտեմ, որ բնակիչը ահագին վնաս է կրել», - փոխանցեց Հայրապետ Մկրտչյանը:
Հարցին՝ որպես համայնքի վարչական ներկայացուցիչ պահանջելո՞ւ եք «Լիդիան Արմենիա»-ից փոխհատուցում բնակչի կրած վնասների դիմաց, Հայրապետ Մկրտչյանը պատասխանեց. «Մենք միշտ պահանջել ենք՝ ապահովագրեք մարդկանց շենք-շինությունները, առողջությունը: «Լիդիան»-ը վերջին քննարկման ժամանակ ասաց, որ երրորդ կողմին են ապահովագրում իրենք: Ես արտակարգ իրավիճակների ծառայությանը խնդրել եմ, որ «Լիդիան»-ի կողմից էլ մարդ հրավիրեն, որ գան, նկարեն: Այո, մենք անպայման պահանջելու ենք փոխհատուցում կրած վնասի դիմաց»: Հայրապետ Մկրտչյանը նաև փոխանցեց, որ, ըստ իր ունեցած տեղեկությունների, մարմնական վնասվածքներ փլուզման հետևանքով ոչ ոք չի ստացել:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում