Ընթանում են Հայաստանում առկա ժամկետանց և օգտագործման համար ոչ պիտանի կայուն օրգանական աղտոտիչների վնասազերծման ծրագրային աշխատանքները

ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի է ունեցել «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ-ԳԷՀ լայնածավալ ծրագրի կառավարման խորհրդի 2017 թվականի առաջին նիստը: Ծրագրի նպատակն է լուծել հանրապետության տարածքում կուտակված ժամկետանց և օգտագործման համար ոչ պիտանի կայուն օրգանական աղտոտիչների քիմիական նյութերի, պեստիցիդների էկոլոգիապես անվտանգ հեռացման հիմնախնդիրը` դրանք այլ երկիր արտահանելով և ոչնչացնելով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերջնականապես լուծել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի լիկվիդացիայի հարցը:

Ծրագրի կառավարման խորհրդի համանախագահ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ներկայացրել է խորհրդի նորանշանակ անդամներին` ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին /ծրագրի կառավարման խորհրդի համանախագահ/, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական Լիլիա Շուշանյանին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասին, որից հետո առաջարկել է հաստատել նիստի օրակարգը:

Նիստի ժամանակ քննարկվել են 2016 թվականի կատարած աշխատանքները, ինչպես նաև ծրագրով նախատեսված Նուբարաշենի ԿՕԱ թափոնների գերեզմանոցի տեղանքի գնահատմանը և մաքրմանը, աշխատանքները նախագծող խորհրդատվական կազմակերպության ընտրությանը և աշխատանքների նախագծմանը, Հրազդանի վտանգավոր քիմիական թափոնների պահեստի վերակառուցման ինժեներական նախագծմանը, գործառնական պլանի մշակմանը, շահագործող մասնագետների կրթմանը վերաբերող հարցեր:

Կառավարման խորհուրդը ծրագրի աշխատանքային խմբին առաջարկել է սեղմ ժամկետներում ներկայացնել ծրագրով 2017 թվականին նախատեսված աշխատանքների հստակ ժամանակացույցը:

Տեղեկանք

Կայուն օրգանական աղտոտիչներն ունեն թունավոր հատկություններ, կայուն են քայքայման հանդեպ, օժտված են կենսակուտակման հատկությամբ և համարվում են անդրսահմանային տարածման օբյեկտ, ինչպես նաև իրենց արտանետման աղբյուրից տարածվում են մեծ հեռավորության վրա օդի, ջրի և միգրացիոն տեսակների միջոցով` կուտակվելով ցամաքային և ջրային էկոհամակարգերում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում