Մարտի 21-ը Անտառների միջազգային օրն է

Այսօր՝ մարտի 21-ին, ամբողջ աշխարհում նշվում է Անտառների միջազգային օրը կամ Անտառների պաշտպանության համաշխարհային օրը, որը հիմնադրվել է 1971 թվականին եւ մինչ օրս ամեն տարի նշվում է: Այս մասին հայտնում է Calend-ը:

Օրը հիմնադրելու նախաձեռնությամբ 1971 թվականին հանդես է եկել Գյուղատնտեսության եվրոպական անդրդաշնությունը՝ 23-րդ Գլխավոր վեհաժողովում: Գաղափարին աջակցել է ՄԱԿ-ին առընթեր Պարենային եւ գյուղատնտեսական համաշխարհային կազմակերպությունը: Նախապես որոշվել էր օրը Հարավային կիսագնդում նշել աշնանային գիշերահավասարի օրը, իսկ Հյուսիսային կիսագնդում՝ գարնանային գիշերահավասարի (վերջինն ավանդաբար համարվում է գարնան առաջին օրը եւ համարվում է նոր կյանքի ու նոր սկզբնավորումների խորհրդանիշը): Բայց 2012 թվականին ՄԱԿ ԳՎ-ի դեկտեմբերի 21-ի 67/200 բանաձեւով հաստատվեց ամեն տարի մարտի 21-ին նշել Անտառների միջազգային օրը (International Day of Forests), որի նպատակը հանրությանն անտառների պահպանման կարեւորության մասին տեղեկացնելն է եւ դրանց նշանակության իրազեկվածության բարձրացումը:

Ամեն տարի Օրվա շրջանակներում անցկացվող միջոցառումները նվիրված են կոնկրետ թեմայի: Այսօր անտառի եւ նրա հարստությունների պահպանման հիմնախնդիրը աշխարհի բոլոր երկրների էկոլոգիական կարեւորագույն խնդիրների շարքում է: Վերջին տարիներին մոլորակի անտառազրկման միտումը հարուցում է ոչ միայն էկոլոգների, այլեւ ամբողջ միջազգային հանրության տագնապը: Ներկայումս Երկրի վրա անտառների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 38 մլն քառակուսի կմ (սա ցամաքի մակերեսի մոտ երրորդ մասն է), որի 13 տոկոսը պահպանվող բնական տարածքներն են: Անտառները մեր մոլորակի թոքերն են, որոնք անգնահատելի էկոլոգիական, սոցիալական եւ տնտեսական նշանակություն ունեն՝ մասնակցում են մոլորակի կլիմայի ձեւավորմանը, թթվածնով են ապահովում, մշակում են վնասակար արտանետումները, պահպանում են ջրի պաշարները, բազմաթիվ բույսերի եւ կենդանիների բնակության միջավայրն են, մարդկանց համար սնունդ եւ առողջ միջավայր են ապահովում, օգնում են պահպանել բնահողի պտղաբերությունը եւ լանդշաֆտները… Սակայն համաշխարհային անտառներն օրեցօր կրճատվում են, ամեն վայրկյան Երկիրը կորցնում է կուսական անտառի ավելի քան 1,5 հեկտար: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում