Սևանա լճի սառցակալումը կարող է լուրջ վտանգների բերել. Սիլվա Ադամյան (տեսանյութ)

Սևանի սառցակալումը կարող է լուրջ վտանգների բերել. իրականում լճի սառցակալումը շատ տագնապալի լուր է, և պետք է լուրջ միջոցառումներ ձեռնարկել տեղի կենդանական աշխարհը պաշտպանելու համար:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սիվիլվոյս» հասարակական կազմակերպության փորձագետ, բնապահպան Սիլվա Ադամյանը:

Նշենք, որ «Սևան Ազգային պարկի»­ պահպանության բաժնի տեսուչ Արտակ Սարգսյանը ասել էր, որ Սևանա լճի սառցակալումը լճի թռչնաշխարհի համար աղետալի իրավիճակ է ստեղծել: Սևանի սառցակալման հետևանքով հետաձգվել է բազմաթիվ թռչնատեսակների չուն դեպի Գեղարքունիքի մարզ, տեղում մնացող տեսակները հեռացել են ապահով վայրեր և այն տեսակները, որոնք չեն կարողացել հեռանալ՝ ոչնչացել են մեծաքանակ խմբերով:

«Եթե թռչունը չունի կերակրման բազա, կարող է կա՛մ հեռանալ այդ տարածքից, կա՛մ թռչունը, որը սովոր է այդ տարածքին և չի հեռանում, կարող է ուղղակի սովի մատնվել և այստեղ մենք կունենանք լուրջ խնդիրներ տեսակային կազմի հետ: Մենք կունենանք մի բան՝ թռչուններն ուղղակի Հայաստանի տարածքից կհեռանան հարևան հանրապետություններ»,- նշեց Ադամյանը:

Ըստ նրա՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է կանխավ միջոցառումներ ձեռնարկեր, քանի որ Հայաստանում այս տարի կանխատեսվում էր բավական ցրտաշունչ ձմեռ: Ադամյանի խոսքով՝ հիմա շատ ավելի դժվար է կանխարգելիչ միջոցառումներ անելը:

Սիլվա Ադամյանի տեղեկացմամբ՝ վաղը տեղի է ունենալու բնապահպանության նախարարության հասարակական խորհրդի նիստ, որտեղ բարձրացվելու են Սևանի լճի սառցակալման հետևանքով առաջացած խնդիրները: Ադամյանը նաև առաջարկելու է օգտագործել նման խնդիրների լուծման միջազգային փորձը:

«Այլ երկրներում կա այսպիսի մի փորձ՝ տեխնիկայով սառցակալած լճից բացում են որոշակի տարածքներ, որպեսզի թռչունները կարողանան կերակրվել: Եվ կա մեկ ուրիշ ճանապարհ, երբ բնապահպանները և կենդանաբանները փորձում են ուղղակի կերակրել թռչուններին»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում