Շիկահող պետական արգելոցում ստուգայցերի ընթացքում հանդիպել են 5 հատ եվրոպական այծյամ

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկում շարունակվում են ուժեղացված ռեժիմով ստուգայցերն` ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերը կանխարգելելու և բացահայտելու նպատակով: Պարկի աշխատակիցների կողմից շուրջօրյա շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է 2 անտառխախտման դեպք /ապօրինի 8 ծառահատում/, կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` շրջակա միջավայրին հասցված վնասը հաշվարկելու և գործին համապատասխան ընթացք տալու համար:

«Դիլիջան» ազգային պարկի տարածքների հսկողությունն ուժեղացնելու և հակահրդեհային միջոցառումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար պահպանության բաժնի աշխատակիցների կողմից կազմվել է հակահրդեհային ծրագիր, որը ներկայացվել է ՀՀ Տավուշի մարզպետարան` համաձայնեցման:

Համապատասխան նյութեր են տրամադրվել «Դիլիջան» քաղաքի և Տավուշի մարզային պարբերականներին` որսագողության, ապօրինի ծառահատումների, արածեցումների, ապօրինի շինությունների, հողազավթումների, հրդեհների դեմ պայքարի վերաբերյալ իրազեկում ապահովելու նպատակով:

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից մեկ շաբաթվա ընթացքում հարակից համայնքների բնակչությանը տրամադրվել է քամատապալ, հողմատապալ փայտանյութից առաջացած 30 խ.մ. վառելափայտ: ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի պահպանվող տարածքներում իրականացվող հսկողական միջոցառումների արդյունքում շաբաթվա ընթացքում իրավախախտման դեպքեր չեն արձանագրվել։

Իրականացվել են ստուգայցեր «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի Շիկահողպետական արգելոցում, որոնց ընթացքում տարածքում հանդիպել են 5 հատ եվրոպական այծյամ, 4 հատ աղվես, 4 հատ աքիս, 3 հատ քարակզաքիս, 1 հատ եվրոպական անտառային կատու և 14 հատ շնագայլ։ Չվող թռչնատեսակներից վաղաժամ վերադարձ է նկատվել սովորական սարյակի մոտ: ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում շարունակվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում