Երևանում կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել ջերմաստիճանի բարձրացման հետ

Երկարատև ձմռան և նորմայից ավելի ձյան տեղումների պատճառով գարնան սկզբին և ձնհալի ժամանակ Երևանում կարող է ստեղծվել վտանգավոր իրավիճակ, հատկապես եթե կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: Իրավիճակը քննարկվեց ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ:

Բնական ջրատար և սելավատար Գետառ գետը փակված է խողովակի մեջ, և ջրհոսքը խախտված է: Չնայած Երևանի քաղաքապետարանի հայտարարությանը, որ գետի հունն ամեն տարի մաքրվում է, դժվար է ակնկալել, որ Գետառի փակված հատվածը կմաքրվի ձմռանը: Երկար, ցուրտ և ձնառատ 3-4 ամիսների ընթացքում կուտակված աղբի հետևանքով սելավային հոսքերը չեն կարող առանց խոչընդոտի անցնել գետի այս հատվածով: Մյուս կողմից ավելանում են այլ լուրջ ռիսկեր: Երևանի կոմունիկացիոն համակարգը վատ վիճակում է, գերծանրաբեռնված է: Իսկ կանաչ տարածքները, հողային բաց տարածքները, բակերը, որոնք կարող էին իրենց վրա վերցնել ջրային հոսքեր, ասֆալտապատված են: Նոր ասֆալտապատված շատ տարածքներում լյուկեր չկան: Ձնից ճանապարհների մաքրման ժամանակ ձյունը կուտակվում է ճանապարհների եզրին, ինչն ավելացնում է քառակուսի մետր տարածքի վրա ծանրաբեռնվածությունը:

Երևանով անցնող Հրազդան գետի հունում կառուցված են ռեստորանային և հյուրանոցային համալիրներ, որոնք, իրենց թափոնները լցնում են Հրազդան գետ: Սելավի վտանգների դեպքում գետի այդ հատվածի համար ռիսկերը գնահատված չեն: Նշենք, որ այս տարածքում գտնվում է Երևանի ՀԷԿ-ը:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը առաջարկեց հասարակական խորհրդի հաջորդ նիստի օրակարգ կրկին ընդգրկել քննարկվող հարցը, հրավիրել մասնագետներ նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և այլ լիազոր մարմիններից, մշակել և ներկայացնել լուծումների մեխանիզմներ:

Նյութը՝ ecolure.am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում