Փետրվարի 5-ից ՀՀ կներթափանցեն տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան

Հանրապետության տարածքում գործող ցիկլոնը կեսօրից հետո կկորցնի իր ուժը, ինչի արդյունքում տեղումները գրեթե բոլոր մարզերում դեպի երեկո կդադարեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նրա տեղեկացմամբ, առաջիկա գիշերը ձյունը կշարունակվի միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում: Փետրվարի 2-ի կեսօրից սկսած մինչև փետրվարի 6-ը բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Այսօր երեկոյան ժամերին հյուսիս-արևմուտքից կսկսվի արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում փետրվարի 2-3-ը ընկած ժամանակահատվածում, հատկապես գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Ամենացուրտը կլինեն փետրվարի 3-ի և 4-ի գիշերները, երբ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -25….-30, Լոռիում -22…-27, Տավուշում -15….-20, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում -17….-20, Սյունիքի հովիտներում -10…-15, Սյունիքի նախալեռներում -18…-23, Արցախում -12…-16, Արարատի և Արմավիրի մարզերում -20…-25, Երևանի բարձրադիր գոտում -16…-18, ցածրադիր գոտում -23…-25 աստիճանի»,- գրել է Գագիկ Սուրենյանը:

Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ, փետրվարի 5-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, և օդի ջերմաստիճանն աստիճանաբար կսկսի բարձրանալ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում