WWF-Հայաստան՝ Հայաստանում գրանցվել է Կովկասյան ընձառյուծի աճի դրական միտում

2002 թ-ից Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան) կողմից Հայաստանում իրականացնվող Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի շնորհիվ կենդանին ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլ նաև գրանցել աճի դրական միտում: Այս մասին տեղեկացնում է WWF-Հայաստանի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ներկայումս (WWF-Հայաստան) այդ ծրագրի շրջանակներում սկսում է «Ընձառյուծի խնամակալների ցանց» նախագիծը: Այն նպատակ ունի միավորել հասարակությանը, միջազգային կառույցներին, մասնավոր և պետական հատվածին՝ հզորացնելու ընձառյուծի և նրա որս հանդիսացող տեսակների (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, այծյամ և այլն) պահպանության մեխանիզմները:

Արդեն իսկ ընձառյուծի ապրելավայրերի հարակից համայնքներից ընտրվել են բնասերներ, որոնք ընձառյուծի ապրելավայր հանդիսացող տարածքներում իրականացնելու են ինտենսիվ մշտադիտարկումներ ու դաշտային հետազոտություններ՝ կենդանիների պահպանության մակարդակը բարձրացնելու համար: Խնամակալների համար կազմակերպվել են ուսուցողական տեսական և գործնական դասընթացներ, ինչպես նաև տրամադրվել են դաշտային հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներ:
Մեկնարկել են նաև կրթական միջոցառումներ, որոնք նպատակ ունեն հանրությանը ներկայացնել ընձառյուծի նշանակությունը Հայաստանի վայրի բնության համար, ինչպես նաև նրա վտանգման հիմնական գործոնները:

«Ծրագրի հաջորդ փուլը կներառի համագործացության հաստատում և ջանքերի միավորում կրթական հաստատությունների, մասնավոր հատվածի և միջազգային կառույցների հետ, ինչպես նաև կլինեն տարաբնույթ միջոցառումներ՝ մրցույթներ, ցուցահանդեսներ՝ ուղղված հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը»,- ասել է Կովկասյան ընձառյուծի ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը:

Կովկասյան ընձառյուծը գրանցված է Բնության պահպանության միջազգային միության և ՀՀ Կարմիր գրքերում։

Ըստ www.wikipedia.org կայքի՝ ընձառյուծները բնակվում են արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կան մերձսահարյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Արաբական թերակղզում, Ռուսաստանում, Կորեայում, Չինաստանում, Կովկասում, Թուրքմենստանում, Իրանում, Հնդկաչին թերակղզում, Շրի Լանկա կղզում։ Նրանք անհետացել են Եվրոպայից։ Ընձառյուծները Հայաստան են անցնում Թուրքիայից և Իրանից։ Հանդիպում են Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտու, երբեմն՝ նաև հյուսիսային մարզերի անտառներում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում