Կուսումնասիրվեն Գլխավոր պողոտայի հարակից այգու և Վերնիսաժի ծառերի չորացման վերաբերյալ ահազանգերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստուգել Գլխավոր պողոտայի հարակից այգու և «Վերնիսաժի» տարածքի ծառերի չորացման վերաբերյալ ահազանգերի իսկությունը մշտական հսկողության տակ պահել տվյալ տարածքների ծառերի և կանաչապատ հատվածների պատշաճ խնամքի ապահովումը: Հանձնարարականը տրվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որի ընթացում քաղաքապետին զեկուցել են Գլխավոր պողոտայի հարակից այգու և «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման աշխատանքների մասին:

«Ահազանգեր ենք ստանում մեր համաքաղաքացիներից, որ թե´ Վերնիսաժի և թե´ Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում, որտեղ ներկայում ընթանում են բարեկարգման աշխատանքներ, ծառերը չորացել են: Բազմիցս եմ նշել, որ մայրաքաղաքի կանաչապատումը, կանաչ տարածքների ընդլայնումն ու պահպանումը եղել և մնում է մեր առաջնահերթություններից մեկն ու պետք է լինի մեր մշտական ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ, տեղերում ուսումնասիրեք հնչեցված ահազանգերի իսկությունն ու անհրաժեշտության դեպքում շտապ միջոցներ ձեռնարկեք: Ի դեպ, պարբերաբար նաև իրազեկեք մեր համաքաղաքացիներին, որ վերոնշյալ տարածքներում ընթացող բարեկարգման աշխատանքների շրջանակում մենք նախատեսել ենք նաև ընդլայնել առկա կանաչ տարածքները և այդ համատեքստում մեզ համար առանձնակի կարևոր է տվյալ հատվածներում առկա յուրաքանչյուր ծառի պահպանումն ու պատշաճ խնամքի ապահովումը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Նյութի աղբյուրը՝ ecolur.org:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում