ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիմուր Ուրազաևին:

Նախարար Արամայիս Գրիգորյանը ողջունել և շնորհավորել է նորանշանակ դեսպանին` հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցությունը բնապահպանության ոլորտում մոտ ապագայում ակտիվ և սերտ բնույթ կկրի:

Դեսպան Թիմուր Ուրազաևն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, նշել, որ կանի առավելագույնը հայ-ղազախական հարաբերությունների ընդլայնման և ակտիվացման ուղղությամբ:

Կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին» նախատեսվող հուշագրի ստորագրումը: Հուշագրի ստորագրման համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:

Կողմերը հույս են հայտնել, որ հուշագրի ստորագրմամբ առավել լայն հնարավորություններ կստեղծվեն բնապահպանության ոլորտում ակտիվ փոխգործակցության, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման համար:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում