Կայացել է Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայ-իրանական փորձագետների 21-րդ նիստը

Երևանում տեղի է ունեցել Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության փորձագետների տարեկան՝ 21-րդ նիստը: Քառօրյա աշխատանքային քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Արաքս գետի խնդիրներին, ինչպես նաև երկրների սահմանամերձ հատվածների ջրային ռեսուրսների պահպանման միջոցառումներին:

Նիստը նախագահող ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի ղեկավար, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Ա. Մխիթարյանը, բացման խոսքում ողջունելով նիստի մասնակիցներին, բարձր է գնահատել Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայ-իրանական համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ ինչպես նախորդ 20 հանդիպումներում, այնպես էլ այս հանդիպման ժամանակ կծավալվեն արդյունավետ քննարկումներ` վերլուծելով նախորդ տարվա կատարած աշխատանքների արդյունքները: Իր հերթին իրանական կողմի աշխատանքային խմբի ղեկավար, ԻԻՀ էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Հ. Ղոլամին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` խնդիրների վերհանման, լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների և ամեն տարի արձանագրվող առաջընթացի համար:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ տարեկան նիստի ժամանակ կազմված արձանագրության կետերի կատարման ընթացքը, արդյունքները և նախանշվել առաջընթացները: Քննարկումների արդյունքում կազմվել է առաջիկա մեկ տարվա կատարվելիք աշխատանքների արձանագրությունը: Կողմերը փոխանակել են Արաքս գետի ջրի համատեղ և միաժամանակյա նմուշառման և մոնիթորինգի տվյալներով: Կազմվել է առաջիկա մեկ տարվա համատեղ և միաժամանակյա նմուշառման ժամանակացույցը:

Աշխատանքային խմբերի փորձագետները դիտարկել են նաև Արաքս գետում բիոմոնիթորինգի իրականացման հետ կապված հարցեր:

Այցի շրջանակներում ԻԻՀ-ի փորձագետների պատվիրակությունն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի նախկին ղեկավար, վաղաժամ կյանքից հեռացած ազատամարտիկ Ալֆրեդ Ներսիսյանի շիրիմին: 

Աշխատանքային քննարկումների արդյունքում կողմերը ստորագրել են Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայ-իրանական փորձագետների 21-րդ նիստի արձանագրությունը, որում նաև ամրագրվել է, որ հաջորդ տարեկան նիստը տեղի է ունենալու 2017թ աշնանը ԻԻՀ Թավրիզ քաղաքում: Հանդիպման ավարտին կողմերը նաև փոխանակվել են հուշանվերներով:

Տեղեկանք

 2005 թվականին ստեղծվել և առ այսօր գործում են Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայկական և իրանական փորձագետների աշխատանքային խմբեր, որոնց գործունեությունը նպատակաուղղված է Արաքս գետի ջրի որակի հսկմանը և պահպանմանը:

 Արաքս գետի հայ-իրանական համատեղ մոնիթորինգային աշխատանքների շրջանակում դիտարկումներ կատարվում են Արաքս գետի 8 (ՀՀ-ում և ԻԻՀ-ում 4-ական նմուշառման կետեր), Մեղրիգետ և Կարճևան գետերի մեկական նմուշառման կետերում:

 Ուսումնասիրությունները կատարվում են պարբերաբար երկու տարբերակով՝ ԻԻՀ-ի հետ համատեղ նմուշառում (միաժամանակ և´ հայկական, և´ իրանական ափերից) ու միաժամանակյա (յուրաքանչյուր կողմը իր ափից միևնույն օրը):

 Յուրաքանչյուր տարի տեղի է ունենում ՀՀ և ԻԻՀ ներկայացուցիչների տարեկան հանդիպում (զույգ տարեթվերին՝ ՀՀ-ում, իսկ կենտ տարեթվերին՝ ԻԻՀ-ում), որտեղ կողմերը ներկայացնում և փոխանակում են նախորդ տարվա ջրի նմուշառման և մոնիթորինգի տվյալները, գրավոր ներկայացված տեսակետները և հետագա քայլերը, ինչպես նաև կազմում հաջորդ տարվա համար ջրի նմուշառման հաճախականության պլան-ժամանակացույցը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում