2016թ-ին Սեւանա լճից կիրականացվի 170 միլիոն խմ ջրառ

2016թ-ին Սեւանա լճից կիրականացվի 170 միլիոն խմ ջրառ Արարատյան դաշտի ոռոգման համար: Որոշումը գործադիրն ընդունեց սույն թվականի հունիսի 2-ին: 170 միլիոն խմ չափաքանակը Սեւանից ջրառի առավելագույն չափաքանակն է, որը սահմանված է Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով:

Սևանա լճից ջրառի նախընտրելի մեկնարկային ժամկետ է սահմանվել 2016 թվականի հունիսի 2-րդ 10-օրյակը:

Որոշման հիմնավորման համաձայն՝ Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից ոռոգվելու է շուրջ 39 հազար հեկտար հողատարածք: Ոռոգման հողերի եւ Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը գետի հունով բաց թողնվող ջրի ծավալը հաշվարկված է ընդհանուր 486,5 միլիոն խմ: Այս ծավալն ապահովելու համար Սեւանա լճից 170 միլիոն խմ ջրառից բացի, 78 միլիոն խմ ջուր վերցվելու է Ազատի ջրամբարից, 63 միլիոն խմ` Ապարանի ջրամբարից: Դեֆիցիտը կազմելու է 175,5 միլիոն խմ: Որոշման մեջ չի նշվում, թե որտեղից է ջուր վերցվելու այդ դեֆիցիտը ծածկելու համար:

Սևանա լճից սույն որոշման նախագծով հիմնավորված ջրառի չափաքանակների հաշվարկները կատարվել են՝ չնախատեսելով Մխչյան և Ռանչպար պոմպակայաններով Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող համապատասխանաբար Արտաշատի և Ստորին Հրազդանի ջրանցքների ջրալրումը, քանի որ այդ համակարգերի շահագործումը հանգեցնում է լրացուցիչ շուրջ 1,5 միլիարդ դրամի էլեկտրաէներգիայի ծախսի համար վճարման պարտավորության:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում