Թուրքական լոլիկի ինքնարժեքը ցածր է եւ մրցունակ մեր շուկայում. Հրաչ Բերբերյան

Թուրքիայում պոլիէթիլենային ծածկի տակ կարողանում են աճեցնել լոլիկ, որը Հայաստանում հնարավոր չէ, հետեւաբար թուրքական լոլիկի ինքնարժեքը ցածր է եւ մրցունակ մեր շուկայում: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով հարցին, թե Թուրքիայից ի՞նչ գյուղմթերք է ներկրվում Հայաստան եւ ինչո՞ւ:

Բերբերյանի խոսքով, Հայաստանում ջերմոցային տարածքները գնալով շատանում են, որը կօգնի լուծել այդ հարցը: «Երկրորդ խնդիրն այն է, որ այս տարի կարտոֆիլի 20 տոկոս կորուստ ունենք: Արդյունքում՝ այսօր շուկայում կա թուրքական եւ պարսկական վաղահաս կարտոֆիլ»,-ասել է նա:

Բերբերյանը նշել է, որ բացի այդ, Ռուսաստանից ներկրված 500 տոննա պարենային կարտոֆիլը վաճառվել է սերմացուի անվան տակ: «Մենք այդ կարտոֆիլի վրա հայտնաբերել ենք չորս հիվանդություն՝ միջուկային փտում, սեւաոտիկ, թաց փտում եւ ֆիտոֆտորա: Որպես պարենային կարտոֆիլ՝ կարող էր դա Հայաստան մտնել, բայց փաստացի ներկրվել է եւ վաճառվել՝ որպես սերմացու: Զարմանում եմ Գյուղնախարարության աշխատակիցների վրա, թե ինչու այդ հարցերով չեն զբաղվում»,-ասել է նա:

Անդրադառնալով այս տարի սպասվող բերքին, Հրաչ Բերբերյանը նշել է, որ այն ցածր է լինելու. «Ծիրանը շատ քիչ է, ու անիմաստ թվեր են նկարում: Խաղողի հետ խնդիր ունենք, որ անցած տարի չունեինք»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում