Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավ-արեւմտյան մասում` Նոր Զելանդիայի ափերի մոտ, հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկուշաբթի` տեղի ժամանակով 19.14-ին: Երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է Ռաուլ կղզուց 123 կմ դեպի հարավ: Երկրաշարժի օջախը գտնվել է 32,2 կմ խորության վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկություն չի ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:

Նոր Զելանդիայով է անցնում խաղաղօվկիանոսյան «հրե գոտին»` հրաբուխների եւ տեկտոնական բեկվածքների մի շերտ, որը 40 հազար կմ երկարություն ունի: Այն գոտեւորում է Խաղաղ օվկիանոսը` անցնելով Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաների առափնյա շրջանների երկայնքով մինչեւ Ալյասկայի հարավային հատված, հետո թեքվում է դեպի Ճապոնիա, Ֆիլիպիններ եւ Ինդոնեզիա եւ ավարտվում է Նոր Գվինեա կղզու, Նոր Զելանդիայի եւ Հարավ-արեւմտյան Օվկիանիայի շրջանում: Հենց «Հրե օղակում» է գտնվում մոլորակի հայտնի հրաբուխների մեծամասնությունը: Այնտեղ է տեղի ունենում նաեւ երկրի բոլոր երկրաշարժերի 90 տոկոսը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում