Բնության ամենաարտասովոր երեւույթները (ֆոտոշարք)

Ֆոսֆորափայլ լույս

sevsianie

Ամռան վերջին աշխարհի բազմաթիվ անտառներում ծառերի խոնավությունից նեխող կեղեւի վրա հայտնվում են սնկեր, որոնք տարօրինակ «անդրաշխարհիկ լույս» են առկայծում: Մթության մեջ լուսավորվող սնկերի մեծ բազմազանություն է աճում հատկապես կլիմայական խոնավ արեւադարձային պայմաններում: Օրինակ անցյալ տարի Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի մոտ հայտնաբերվել են բոլորովին նոր տեսակներ:

Կրակագույն ծիածան

Եվս մեկ ամառային երեւույթ` կրակագույն ծիածան. հայտնվում է, երբ արեւը բարձրադիր փետրավոր ամպերի մեջ իր ճանապարհին հանդիպում է սառույցի բյուրեղների: Քանի որ կրակագույն ծիածանի (գիտականորեն` «մերձհորիզոնական ծիածան») առաջացման համար պահանջվում են արեւի բարձրագույն դիրք եւ փետրավոր ամպեր, այս երեւույթը հաճախ նկատվում է հասարակածին մոտ լայնություններում:

Սադափանման ամպեր

Նրանք, ովքեր ապրում են հասարակածից բավական հեռու, նույնպես կարող են երկնքում տեսնել բազմաթիվ հրաշքներ: Սադափանման ամպերը խիստ հազվադեպ են հանդիպում, որոնք նկատվում են օրվա մութ ժամերին կամ մայրամուտից անմիջապես հետո կամ էլ մինչեւ լույսը բացվելը: Այս գեղեցիկ երեւույթը ժամանակ առ ժամանակ առաջանում է Իսլանդիայում, Ալյասկայում, Հյուսիսային Կանադայում եւ բավական հազվադեպ Անգլիայում:

Ձյունե գլանափաթեթներ

Ձյունե այսպիսի գլանիկները բավականին հազվադեպ հանդիպող երեւույթ են: Որոշակի ջերմաստիճանի եւ քամու դեպքում ձյան «թերթերն» անջատվում են սառույցից եւ սկսում փաթաթվել գլանիկների պես:

Կանաչ ճառագայթ

Հանրահայտ չքացող կանաչ բոցը հազվագյուտ օդերեւութաբանական երեւույթ է, որն առաջանում է արեւածագին կամ մայրամուտին, երբ արեւի ճառագայթները մեր աչքերին հասանելի լինելու համար երկար ճանապարհ են կտրում` անցնելով մթնոլորտի միջով: Այս երեւույթը տեսնելու համար անհրաժեշտ են երեք պայմաններ` բաց հորիզոն, մաքուր օդ եւ ամպերի բացակայություն:

Խաբուսիկ արեւ

Երբ արեւը գտնվում է հորիզոնին շատ մոտ, իսկ օդում թռչում են փոքրիկ սառցե բյուրեղներ, լուսատուի երկու կողմերում կարելի է տեսնել երկու վառ բծեր, որոնք նույնքան վառ են, որքան արեւը:

Երկակի ծիածան

Այն առաջանում է մոտավորապես այնպես, ինչպես սովորական ծիածանը, միայն այն տարբերությամբ, որ արեւն անձրեւի կաթիլներում արտացոլվում է ոչ թե մեկ, այլ երկու անգամ: Այս երեւույթը լավագույնս դիտարկվում է այն ժամանակ, երբ երկինքը դեռեւս մթագնած է անձրեւաբեր ամպերից, քանի որ մոխրագույն ֆոնի վրա ավելի հեշտ է նկատել երկրորդ ծիածանի գունատ գույները:

Գծավոր սառցաբեկոր

Ոչ բոլոր այսբերգներն են միագույն: Նրանցից ոմանք զարդարված են գույնզգույն շերտերով, եւ ոչ միայն Արկտիկային բնորոշ սպիտակ ու կապույտ գույներով: Երբ սառույցը հալվում, ապա նորից սառչում է, նրա մեջ հայտնվում են ցեխի, ջրիմուռների եւ այլ մասնիկների շերտեր, որոնք էլ ստեղծում են տարագույն շերտեր այսբերգի մակերեւույթի երկայնքով:

Հրեշավոր ամպեր

Ամպերի այս տեսակն այնքան հազվադեպ է, որ մինչ 2009 թվականը դրանք ոչ մի դասակարգման մեջ ընդգրկված չէին: Չնայած իրենց չարագուշակ եւ փոթորիկ կանխագուշակող տեսքին, դրանք շատ արագ են ցրվում: Ալիքաձեւ այլ ամպերի նման դրանք եւս ձեւավորվում են, երբ օդի բախվող կամ մրրկային հոսանքները բարձրացնում են դեպի ամպերը` առաջացնելով արտասովոր ձեւեր, որոնք մերթ փոթորկոտ ծով են հիշեցնում, մերթ` երկրի մակերեւույթ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում