Զինվորները պայքարում հայրենիքի համար, մենք՝ հայրենիքը ոչնչացնողների դեմ. Գառնեցիները մարտական են տրամադրված

Օգտվելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող խառը իրավիճակից՝ որոշ մարդիկ մեկնարկեցին Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը։ Ծանր տեխնիկան Ազատի կիրճ էր մտել և, առաջ գնալով, ավիրում էր տեսարժան վայրերը, ոչնչացնում ծաղկող ծառերը:

Գառնիի բնակիչները փակել էին Գառնի-Երևան մայրուղին, նրանց միացել էին բնապահպան-ակտիվիստները։ Ի վերջո, բողոքի ակցիայի մասնակիցները հասան այն բանին, որ ծանր տեխնիկան դուրս բերվեց Ազատի կիրճից։

econews.am-ը զրուցել է ակցիայի կազմակերպիչներից Արուսյակ Այվազյանի հետ՝ իմանալու, թե հիմա ինչ վիճակ է տիրում Ազատի կիրճում.

«Ներկա պահին շինարարություն չի ընթանում, շինտեխնիկան դեռ գտնվում է վերևում,  և մենք թույլ էլ չենք տա իջեցնել։ Ընդհանրապես թույլ չենք տալու իրականացնել ո՛չ այս, ո՛չ էլ այն ծրագիրը, որ նոր են մտածել։ Արդեն ինչ-որ խողովակներ են բերել տեղադրել, վերևից նոր աշխատանքներ են ուզում սկսել, բայց դա էլ ենք կանխելու։

Ողջ Գառնին է դեմ, քանի որ գիտակցում ենք, որ դրա հետևանքով անապատացումն անխուսափելի կլինի։ Իհարկե, ողջ Գառնին ասելով՝ նկատի չունեմ գյուղապետին ու ավագանուն։

Երևի մեր ղեկավարները փորձում են իրականացնել «մեծ Թուրանի» գաղափարը, թուրանական պետություն ստեղծել, ես այլ բացատրություն չեմ գտնում։ Եվ ինչպես զինվորներն են առաջնագծում պայքարում հայրենիքի համար, այնպես էլ մենք այստեղ պայքարում ենք մեր հայրենիքը ոչնչացնողների դեմ։

Պետական մակարդակով որևէ որոշում դեռևս չի կայացվել։ Օրերս մենք մոտ հինգ հարյուր ստորագրությամբ նամակ ենք ուղարկել Համաշխարհային բանկ և սպասում ենք պատասխանի։

Իրենք չեն գիտակցում, թե այդ ջուրը տանելով՝ քանի համայնք են չորացնում, անհագուրդ որկրամոլությունը կուրացրել է նրանց։ Բայց մի քանի իշխանավորի համար այդ բնակործան ծրագիրը չի իրականանալու, մենք գնալու ենք մինչև վերջ»։ 

 

Լուսանկարը՝ hetq.am-ի։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում