Ձկնորսություն և ձկնաբուծություն

Մարդկային հասարակության պատմության ընթացքում մշտապես փոփոխվել ու համալրվել են մարդու զբաղվածության բնագավառները:
Մեր օրերում դրանցից հատկապես մեծ, նույնիսկ` վճռորոշ դեր են կատարում բարձր
տեխնոլոգիական արտադրությունները, համակարգչային տեխնոլոգիան և ինտենսիվ գյուղատնտեսությունը: Սակայն այդ զբաղմունքների հետ միասին մեր օրերում դեռևս պահպանվումեն մարդու հնագույն զբաղմունքները` հավաքչությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը, որոնք արդեն շուրջ 30 հազար տարվա պատմություն ունեն:

Գյուղատնտեսության մեծ վերելքի շնորհիվ նշված գործունեությունների դերը որոշ չափով փոքրացել է (դարձել է երկրորդական), սակայն դրանց նշանակությունը դեռևս զգալի է: Այսպես, օրինակ` ձկան համաշխարհային որսի ծավալը մոտավորապես հավասար է մսի համաշխարհային արտադրության ծավալին, իսկ արևադարձային մշտադալար կոլա ծառի սերմերից արտադրած ըմպելիքների (Կոկա Կոլա, Պեպսի Կոլա) ծավալը զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսական ցանկացած պտղից պատրաստված ըմպելիքի ծավալը: Նույն կերպ` բույսերից պատրաստված դեղերի ծավալը չի զիջում քիմիական եղանակով արտադրված դեղերի ծավալին:

Այսպիսով, հավաքչությունը, որսորդությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը մարդկությանը մատակարարում են բնությունից վերցրած նյութական բարիքներ, բայց կազմակերպվածության տեսանկյունից նյութական արտադրության ճյուղ չեն:

Հետևաբար հարց է առաջանում, թե տնտեսության ո՞ր ճյուղին վերագրել գործունեության
այդ տեսակները: Ակնհայտ է, որ դրանք իրենց բնույթով առավել մոտ են գյուղատնտեսությանը, դրա համար էլ տնտեսության ճյուղային կառուցվածքն ուսումնասիրելիս հավաքչությունը, որսորդությունը, ձկնորսությունը և անտառային տնտեսությունը դիտվում են որպես գյուղատնտեսության հարակից գործունեություններ:

Ձկնորսությունը մարդու տնտեսական գործունեության հնագույն ձևերից է և հայտնի է եղել
գրեթե բոլոր ժողովուրդներին: Հայաստանի մի շարք հնավայրերում ևս գտնվել են ձկների
ոսկորներ և ձկնորսության գործիքներ:
Ներկայումս ձկնորսությունը տարածված է ամենուրեք` բոլոր ծովերում և խոշոր լճերում ու
գետերում: Ժամանակակից ձկնորսությունն ու ձկնաբուծությունը դարձել է համաշխարհային տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը: Դրանք աշխարհի 22 մլն մարդու զբաղվածության, ինչպես նաև 110 մլն մարդու գոյության միջոց են: Ձկնորսությունը բնակչությանը սպիտակուցներով և վիտամիններով հարուստ ձկան միս մատակարարող ճյուղ է: Ձկնորսության դերը տարեց-տարի մեծանում է` այն պատճառով, որ աշխարհի բնակչությունն արագորեն աճում է, իսկ անասնապահությունն աճում է դրան ոչ համարժեք տեմպերով: Այդ պատճառով էլ ձկան համաշխարհային որսը արագորեն մեծանում է: Տարեկան այն հասել է 130 մլն տոննայի: 

Ձկան որսի աճին զուգահեռ XX դարի 2-րդ կեսերից տեղի է ունենում դրա
աշխարհագրության փոփոխություն: Եթե մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը և
դրանից հետո ձկնորսության ավանդական գլխավոր շրջանը Հյուսիսային Ատլանտիկան էր
(երկրներից էլ համապատասխանաբար` Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը), ապա հետագայում դրա գլխավոր շրջանը դարձավ Խաղաղ օվկիանոսի արևելյան` Հարավային Ամերիկային հարող շրջանը: Ներկայումս հատկապես այդ ջրավազաններում են տեղաբաշխված աշխարհի ձկնորսության առաջատար երկրները` Չինաստանը, Պերուն, Չիլին: Շարունակում են որպես առաջատար երկրներ մնալ ԱՄՆ-ը, Նորվեգիան, Ճապոնիան: Ձկնորսության առաջատար երկրները նախկինի պես ձուկ որսում են ոչ միայն սեփական առափնյա ջրերից, այլ նաև իրենց ափերից հարյուրավոր և հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող ջրերում:

Խոսելով ձկնորսության զարգացման հեռանկարների մասին՝ պետք է հիշել, որ
համաշխարհային օվկիանոսի օրգանական պաշարների ինքնավերականգնումը չխախտելու համար ձկան և ծովային կենդանիների տարեկան որսը չպետք է գերազանցի 150 մլն տոննան:

Ներկայումս աշխարհի ձկնային պաշարների մոտ 70 %-ը աղետալի վիճակում են:
Համաշխարհային օվկիանոսի շատ տարածքներ ձկնային ռեսուրսների գերշահագործվող և, միաժամանակ շատ դանդաղորեն վերականգնվող տարածքներ են: Այդպիսիք են օրինակ` Սև, Արևելաչինական, Դեղին, Հյուսիսային, Միջերկրական ծովերն են, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածը: Այդ պատճառով էլ ջրային օրգանիզմների (ձկների, կակղամորթների, խեցգետնակերպերի, ոստրեի, մարգարիտի), ինչպես նաև ջրային բույսերի (ջրիմուռների) համաշխարհային աճող պահանջարկը բավարարելու ներկայիս հուսալի աղբյուր է դարձել աքվակուլտուրան (աքվա` ջուր, կուլտուրա` մշակություն): Այն մարդկանց հայտնի է եղել դեռևս 3 հազարամյակ առաջ, սակայն արագորեն զարգանում է միայն վերջին տասնամյակներում:

Աքվակուլտուրան ծագել է Չինաստանում դեռևս 4 հազար տարի առաջ և մինչև օրս էլ այդ երկիրը պահպանում է համաշխարհային առաջատարի իր դերը:
Աքվակուլտուրայի էությունը մարդու կողմից ջրավազաններում արհեստական եղանակով
ջրային զանազան օգտակար օրգանիզմների նպատակային բազմացումն է: Պատահական չէ, որ աքվակուլտուրան համարում են «ծովային անասնապահություն»: Գոյություն ունի
աքվակուլտուրայի վարման երկու տեսակ` քաղցրահամ ջրերի և ծովային (մարիկուլտուրա):
Աքվակուլտուրայի արտադրության զանգվածի մոտ կեսը կազմում են ձկները, 1/4-ը`
ջրիմուռները: Աքվակուլտուրայի ախարհագրությունը շատ մեծ է. այն ընդգրկում է մոտ 140
երկիր:

Այդուհանդերձ, աշխարհում բացառիկ մեծ է Ասիայի մասնաբաժինը (90 %): Չինաստանից բացի աշխարհում առաջատար երկրներն են Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը, Ֆիլիպինները, Թաիլանդը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իսպանիան:

Նյութի աղբյուրը՝ Էմանուել Ագջոյանի բլոգ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում