Հալոֆիտներ. ՀՀ Կարմիր գիրք

Հալոֆիտներ, աղաբույսեր, խիստ աղակալած հողերում աճող բույսեր։ Աղակուտակիչներ են, ունեն մսալի, փայլուն, մանր տերևներ ու ընձյուղներ՝ պատված կուտիկուլայի հաստ շերտով։ ՀՀ-ում զբաղեցնում են մոտ 30 հազար հեկտար տարածություն և կենտրոնացած են Արարատյան դաշտում, Արմավիրի, Արարատի մարզերում։ Հալոֆիտները բաժանվում են 3 խմբի. էվհալոֆիտներ կամ իսկական Հալոֆիտներ (օշաններ), որոնց բջջապլազման կայուն է աղերի բարձր պարունակության նկատմամբ։ Դրանցից են մոմիկը (բալախ), բիներցիան, օշանի և սուվեդի որոշ տեսակներ։ Կրինոհալոֆիտներն ունեն աղերի բարձր կլանողունակություն, սակայն հյուսվածքներում կուտակված աղի զգալի մասն արտամղում են տերևների հատուկ գեղձային մազիկներով (փշաքեղ, կարմրան, ֆրանկենիա և այլն)։ Գլիկոհալոֆիտներն աճում են քիչ աղոտ, հիմնականում ալկալիացած հողերում, արմատային համակարգն ունի ցածր թափանցելիություն աղերի նկատմամբ (հոտավետ օշինդր, որդանխոտ, աստղածաղիկ, անողնուց)։ Մոտ 40 Հալոֆիտներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, իսկ անտերև ելաբույսը և բարալիկ տետրադիկլիսը ոչնչացել են։ Շատ Հալոֆիտներ կիրառվում են բժշկության մեջ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում