Լվածաղիկ. ՀՀ Կարմիր գիրք

Լվածաղիկ (լատ.՝ Tanacetum), տարկավան, ազարիոն, մեղվամուշկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա բուրավետ խոտաբույսերի ցեղ։

Բույսի այլ անվանումներն են` տարկավան, ազարիոն, մեղվամուշկ։ Հայտնի է եղել դեռևս 3000 տարի առաջ։ Միջնադարում մշակել են Կարլ Մեծի այգիներում (771-814), հարգի է եղել Ելիզավետա Ա թագուհու ժամանակաշրջանի (1558-1603) Անգլիայում։

Հայտնի է մոտ 70, ՀՀ-ում՝ 18 տեսակ՝ լվածաղիկ արծաթատերև (T. argyrophyllum), լվածաղիկ հազարատերև (T. chiliophyllum), լվածաղիկ բալզամակիրանման (T. balsamitoides), լվածաղիկ կետավոր (T. punctatum), լվածաղիկ սովորական (T.vulgare) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարգերում։ Աճում է չոր, քարքարոտ, ժայռոտ վայրերում, լեռնային մարգագետիններում, բացատներում, թփուտներում, գետերի ու լճերի ափերին։ Հանդիպում են նաև լվածաղիկ փետրաձև (T. pinnatum), լվածաղիկ ալեհեր (T. canescens), լվածաղիկ Զանգեզուրի (T. zangezuricum), լվածաղիկ Կոչիի (T. kotschyi) հազվագյուտ տեսակները։

Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, երբեմն՝ հիմքում փայտացած, բարձրանում է՝ 20-150 սմ։ Տերևները փետրաբաժան են կամ կտրտված, հերթադիր։ Ծաղկաբույլը վահանանման է՝ կազմված կիսակլոր զամբյուղներից։ Եզրային ծաղիկները իգական են, միաշար, լեզվակավոր, սպիտակ, երբեմն՝ դեղին կամ վարդագույն, կենտրոնականները՝ երկսեռ, խողովակավոր, հետագայում՝ դեղին։ Զամբյուղը շրջապատված է անկանոն շարքերով դասավորված թաղանթաեզր թերթիկներով։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը գլանաձև, հիմքում սեղմված, երկարավուն կողերով սերմիկ է։

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, ֆլավոնիդներ, ալկալոիդներ, աղաղանյութեր և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, ճիճվամուղ, հակաբորբոքային, որոշները՝ միջատասպան (պարունակում են պիրեթրին, ցիներին և այլն) միջոց։ Թունավոր է խոշոր եղջերավոր անասունների համար։ Գեղազարդիչ է։ Որպես բուժիչ հումք` մթերում են ծաղկաբույլերը ծաղկման շրջանի սկզբում` կտրում են 2 սմ ոչ երկար հատվածներ, չորացնում օդափոխվող ծածկի տակ` համեմատաբար ցածր ջերմաստիճանի պայմաններում (25 °C-ից ոչ բարձր)։

Պարունակում է օրգանական թթուներ, եթերային յուղեր, դաբաղանյութեր, բուսախեժ, ասկորբինաթթու, ենթավիտամին A, ֆլավոններ, կալիում, ցինկ, սելեն, մեծ քանակությամբ մոլիբդեն, բույսին բնորոշ թունավոր ալկալոիդներ, դառնանյութ, կամֆորա։ Ունի լեղամուղ, հակաբորբոքային, հակամանրէ, քրտնամուղ, հակահելմինտային, կապող հատկություններ, օգնում է տենդի դեպքում։

Ծաղիկների թուրմը խմում են լյամբլիոզի, խոլեցիստիտի, հեպատիտի, ստամոքսահյութի ցածր թթվայնության, աղիների և միզապարկի բորբոքումների, միգրենի, գլխացավի, մալարիայի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի, հոդացավի բուժման, ախորժակը լավացնելու համար, որպես որդաթափ միջոց։

Կոչիի լվածաղիկը հազվագյուտ տեսակ է։ Հանդիպում է միայն Վայոց ձորի (Խաչիկ և Գնիշիկ գյուղերի միջև) և Սյունիքի (Խուստուփ և Կապուտջուղ լեռներ) մարզերում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում