ՀՀ-ում հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ

Հայաստանի կենդանական աշխարհը շատ բազմազան է: Հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ, որոնցից 75-ը` կաթնասուններ, 302-ը` թռչուններ, 43-ը` սողուններ, և ավելի քան 11000-ը` միջատներ ու անողնաշարավորներ:

Շատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին: Օրինակ՝ մուֆլոնը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը: Հայկական էնդեմիկ տասակ է Դարիևսկու իժը: Միաժամանակ բազմաթիվ են հարևան երկրներից ներթափանցած կենդանատեսակները:
Տարածված կենդանիներից են գայլը, արջը, նապաստակը, վարազը, չախկալը, աղվեսը և այլն: Թռչուններից են` արծիվը, բազեն, բուն, լորը, կաքավը: Կան նաև չղջիկներ, մկներ և այլ կրծողներ:

Կենդանական աշխարհի տեղաբաշխումը հիմնականում համապատասխանում է բուսական գոտիների դասավորությանը: Սակայն կենդանիների շարժունակության պատճառով, շատ տեսակներ հանդիպում են համարյա բոլոր վերընթաց գոտիներում: Այդպիսիք են` նապաստակը, գորշ արջը, աղվեսը, գայլը և այլն:
Անապատային և կիսաանապատային գոտիներում տարածված են ճագարամուկն ու դաշտամուկը, հանդիպում է նաև տափաստանային կատու և ոզնի:

Նախալեռնային շրջաններում տարածված են թունավոր օձերը: Հատկապես հայտնի է գյուրզան, որի խայթոցը մահացու է: Թունավոր օձերի թշնամիներն են` լորտուն, օձակեր բազեն, արագիլը, ինչպես նաև հաճախ հանդիպող աքիսը և համստերը: Կան նաև բազմազան միջատներ, որոնցից են` թունավոր մորմերն ու կարիճները:

Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այծը, վայրի ոչխարը և այդ խոտակերների մսով հրապուրված` Արաքսի հովտից թափանցած հովազը (ընձառյուծը): Այդ երեք տեսակներն էլ անհետացման վտանգի տակ են, որի պատճառով գրանցված են միջազգային Կարմիր գրքում:

Լեռնային տափաստաններում լայն տարածված են ճագարամուկը, գետնասկյուռը, դաշտամուկը և խլուրդը: Թռչունների շատ տեսակներ, ոչնչացնելով մշակաբույսերին վնասող միջատներին, մեծ օգուտ են տալիս գյուղատնտեսությանը: Այդ տեսակետից շատ հետաքրքրական է սևճակատ շամփրուկը, որը նստում է էլեկտրական լարերին և հսկում շրջապատը: Երբ որևէ միջատ է հայտնվում անմիջապես որսում է: Մեծ օգուտ են տալիս նաև սարյակները, որոնց դիմավորելու համար պատրաստում են նույնիսկ բույնատնակներ:

Անտառային գոտուն բնորոշ են հատկապես կաթնասունները: Հյուսիսում հանդիպում են այծյամ, լուսան, գորշ արջ և վարազ, Զանգեզուրում` մացառախոզ, շնագայլ, սիրիական արջ, Արցախում` փորսուխ, չախկալ, ժայռածերպերին` բեզոարյան այծ: Խոսրովի անտառում հանդիպում են հսկա անգղներ, որոնց քաշը հասնում է մինչև 12կգ, իսկ թևերի բացվածքը` 3մ:

Մերձալպյան և ալպյան գոտին աչքի է ընկնում թռչունների, միջատների ու գույնզգույն թիթեռների առատությամբ:

Բազմատեսակ կենդանիներ են տարածված Հայաստանի ջրերում, ճահճուտներում և ճահիճ-եղեգնուտներում: Կաթնասուններից հայտնի են վարազը, եղեգնակատուն, իսկ թռչուններից` բադը, սագը, կարապը, արագիլը:

Արաքս գետում կա ձկան 13 տեսակ (լոքո, սպիտակաձուկ): Սևանա լճում լողում են` իշխանը, կողակը, կլիմայավարժեցված սիգը: Արփի լիճը հայտնի է իր ծածանով: Լեռնային գետերի վերին հոսանքները հարուստ են կարմրախայտով:

Հետաքրքիր են ձմեռելու, բազմանալու և սնվելու նպատակով` կենդանիների պարբերական տեղաշարժերը: Օրինակ, 20-25 տարի առաջ եգիպտական տատրակները Հայաստանում չվող թռչուններ էին, իսկ այժմ նրանք ձմեռում են Երևանում և նրա մերձակայքում:
Հայաստանի կենդանական հարստությունների արդյունագործական նշանակությունը մեծ չէ:

Ընդհանուր առմամբ, Հայաստանը ունի բոլորովին վայրի, սակայն համեմատաբար անվտանգ կենդանական աշխարհ: Կենդանիներն կարծես թե ավելի հետաքրքիր, տաքարյուն և հյուրընկալ են դարձնում այստեղի բնությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում