Հայ «զինվորները» կապկպել և տանջում են անօգնական մկան (տեսանյութ)

Մի շարք «հայ վրիժառուներ» շարունակում են հաշվեհարդար տեսնել «թուրք մկների» հետ․․․ 

Օրերս համացանցում բաց սոցիալական հարթակի միջոցով տարածվել է առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող տեսանյութ, որը դիտորդին զուրկ է թվում նաև որևէ տրամաբանությունից։

Արման Սիմոնյան անունով օգտատերը հրապարակել է տեսանյութ, որտեղ մի քանի հասուն տղամարդ, հավանաբար՝ զինծառայող, չորս ոտքից կապել են կենդանի մկան և տարբեր առարկաներով հարվածներ հասցնելով կենդանուն տանջանքներ են պատճառում նրան։ Տեսանյութի ամբողջ ընթացքում տղամարդիկ հռհռում են տեղի ունեցողի վրա, իսկ Արման Սիմոնյանը շարունակում է տանջել և հայհոյել կենդանուն։ 

Դժվար է բառերով նկարագրել տեսարանը, երբ մի խումբ հասուն, հավանաբար զինծառայող, տղամարդիկ տանջում և հաշվեհարդար են տեսնում մոտավորապես 10 սմ երկարությամբ կենդանու հետ՝ գոչելով․ «Զինվորի փայ ես ուտում, արա՛․․․ զինվորի տորթ ես ուտում»։ 

Տեսանյութը լայն տարածում է ստացել հարյուրավոր այլ «հայ վրիժառուների» շրջանում, սակայն առաջացրել է գիտակից, կենդանասեր հասարակության ցասումը և Արման Սիմոնյանը հեռացրել է այն։ Կենդանասերների քննադատությանն ի պատասխան Արման Սիմոնյանը հայհոյանքներ է հնչեցրել՝ պնդելով․ «զինվորիս փային մեկտ կպաք կռիսից դաժան օրեք տենալու»։ Փաստացիորեն Արման Սիմոնյանը և նրա «զինակիցները» տանջանքի ենթարկելով փոքր, թույլ և անպաշտպան կենդանուն իրենց համարել են «զինվորի փայլը փրկողներ»։ 

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումը փորձել են մեկնաբանել նաև հոգեբանները։ Հոգեբան Իրինա Ծատուրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն մարդիկ, որոնք առհասարակ տանջում են կենդանիներին, նորմալ չեն: «Դա խոսում է նրա հոգեվիճակի ծայրաստիճան բացասական լինելու մասին: Այդ դաժանությունը կենդանու նկատմամբ խոսում է նաև այն մասին, որ կոնկրետ այդ մարդու նկատմամբ մանուկ հասակում դաժանություն է կիրառվել: Կենդանիներին այդպիսի մարդիկ են տանջում: Նա կամ հոր, կամ մոր, կամ երկուսի, կամ այլ անձանց կողմից ենթարկվել է շատ դաժան դաստիարակության, ծեծերի, միգուցե վախեցրել են նրան, ծնողները միգուցե բաժանված են եղել և այլն: Այստեղ կարող ենք թվարկել բոլոր բացասական իրադարձությունները, որոնք ընտանիքներում լինում են: Այդպես է մարդը դառնում դաժան: Այդպես մեծացած մարդն է կենդանիներին հետո ենթարկում կտտանքների»,- մանրամասնեց նա:

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Մեկ այլ հոգեբան Արկադի Մեհրաբյանը մեզ հետ զրույցում ևս մեկնաբանել է դաժան վերաբերմունքը․ «Ցանկացած դաժան վերաբերմունք, արդեն նշանակում է հոգեբանական լուրջ խնդիրներ, եթե ոչ՝ հոգեբուժական: Ագրեսիան ինքն իրենով և՛ հոգեբանական, և՛ հոգեբուժական, և՛ նյարդաբանական խնդիրներ է ենթադրում: Դա էլ իր հերթին կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ՝ գենետիկ ֆոն, ուղեղի թերհասունացում, դաստիրակաության կոմպլեքսներ և այլն: Եթե անգամ դաժանություն է ցուցաբերվում անշունչ առարկայի նկատմամբ, արդեն խնդիր է ենթադրում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ վերջերս ևս մեկ նման դեպք էր արձանագրվել, երբ պահեստազորի գնդապետ Բորիս Ավագյանը հրապարակել էր սպանված վայրի խոզերի լուսանկար՝ պնդելով, որ դրանք «թուրք խոզեր» են։ 

Այսպիսով, հնարավոր է նաև, որ ՀՀ զինված ուժերում գտնվող նման «վրիժառուները» ունեն ոչ սթափ և անկայուն հոգեկան, ուստի նրանք կարող են վտանգավոր լինել նաև մարդկանց համար։ 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների, ինչպես նաև՝ ՀՀ ՊՆ ուշադրությունը: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում