«Թուրք խոզերը վնասազերծվել են ռուս սահմանապահների կողմից» (ֆոտո)

Օրերս Հայաստանում և Արցախում տարատեսակ պաշտոններ զբաղեցրած և կորցրած պահեստազորի գնդապետ Բորիս Ավագյանը իր բաց սոցիալական հարթակում լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Որսն այսօր հաջող էր» (Охота сегодня удалась !!!): 

Լուսանկարում երկու սպանված արյունաթաթախ վարազ (վայրի խոզ/Sus scrofa) է։ 

Բորիս Ավագյանը լուսանկարը հրապարակել է նոյեմբերի 18-ին, այնուհետև՝ օրեր անց, մեկնաբանություններից մեկում պարզաբանել է, թե ինչպես են, ըստ նրա, սպանվել կենդանիները։ 

«Պատմեմ Ձեզ վարազների որսի պատմությունը, քանի որ վստահ եմ շատերը դատապարտեցին որսի իմ լուսանկարը։ Թուրքիայի հետ մեր սահմանը հսկող ռուս սպաներն ինձ հրավիրել էին Արաքս գետի ափին գտնվող սահմանապահ դիրք։ Ճանապարհին նրանք գնեցին մի պարկ ցորեն, մի երկու շիշ արևածաղկի ձեթ և մի երկու կիլոգրամ սոխ։ Հասնելով գետի ափ, նրանք անմիջապես ափին լցրեցին զորենը, ավելացրեցին վրան արևածաղկի ձեթ և կտրատեցին սոխն ու շաղ տվեցին այն ցորենի վրա։ Սպասում էին․․․ Արաքս գետի թուրքական ափից հոտի վրա հայտնվեցին այս երկու վարազները՝ անցնելով գետը հասան մեր ափին, սկսեցին ուտել ցորենը և այստեղ նրանց կրակեցին ռուս սահմանապահները։ Ես ինքս կենդանիների սպանությանը դեմ եմ, բայց այդ պահին ես մտածեցի, որ թուրքական խոզերը, որոնք անցել են Արաքս գետը և տենչում են խժռել հայկական հացը, արժանի են նրան, որ նրանց սպանեն ռուս սպաները․․․»,- գրել է Բորիս Ավագյանը։ 

Դժվար է ասել, թե Բորիս Ավագյանի մեկնաբանությունը որքանով է համապատասխանում իրականաությանը, սակայն լուսանկարում սպանված կենդանիներ են։ 

2021-2022 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժշամկետները սահմանելու մասին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով սահմանվել են որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։ Մի քանի տարի ընդմիջումից հետո այս տարի նախարարի հրամանով թույլատրվել է նաև վայրի խոզի որսը։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ի սկզբանե դեմ է արտահայտվել սույն հրամանով թույլատրված կենդանատեսակների որսին որպես գլխավոր պատճառ առանձնացնելով ՀՀ-ում ոլորտի նկատմամբ վերահսկողության ոչ պատշաճ մակարդակը, վերահսկողական ռեսուրսների թերիությունը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը չունի համապատասխան կարողություններ, որոնք թույլ կտան իրականացնել պատշաճ վերահսկողություն, բացահայտելու որսագողության դեպքերը, իսկ հասարակության էկո-գիտակցության ներկա մակարդակում անհնար է պահպանել նախարարի հրամանով սահմանված թույլատրելի չափաքանակները։ 

Բացի այդ, պատերազմական իրավիճակում գտնվող երկրների դեպքում առկա են բազմաթիվ վտանգներ և խոչընդոտներ, որոնց պատճառով տուժում է կենդանական աշխարհը։ Դրանցից մեկն օրինակ Բորիս Ավագյանի կողմից ներկայացված դեպքն է։ Այսպիսի դեպքերը բազմաթիվ են և պարզապես հնարավոր չէ վերահսկել կամ կանխարգելել դրանք։ Ստացվում է, որ արդեն իսկ տուժած և վնասներ կրած կենդանական աշխարհը ենթարկվում է ևս մեկ ռիսկի՝ ոչ կառավարելի և անվերահսկելի որսի։ 

Վերոնշյալ հրամանով սահմանվել է, որ վարազի որսը թույլատրելի է նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը, որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 30 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում։ 

Փաստացի, թույլատրելի 30 հատ վարազից երկուսն արդեն իսկ սպանվել են անհասկանալի պայմաններում։ Մեծ հավանականությամբ այս և բազմաթիվ այլ դեպքերի մասին թե՛ հանրությունը, թե՛ ՇՄ նախարարությունը, թե՛ ԲԸՏՄ կարող է տեղեկացվել միայն պատահականորեն և վերահսկել նման իրավիճակներն անհնար է։ Այս պայմաններում թույլ տալ նաև երկրի ներսում վարազի և մի շարք այլ կենդանատեսակների սիրողական որս, անթույլատրելի է։ 

Ո՞վ և ի՞նչ միջոցներով է հաշվարկելու, թե արդյոք վարազների որսի թույլատրելի չափաքանակը՝ 30 հատ, լրացել է, թե՞ ոչ։ 

Ընդգծենք, որ թեպետ վարազները որսատեսակ հանդիսացող կենդանիներ են, ամեն դեպքում, մի շարք գործոնների ազդեցությամբ նրանց թվաքանակը վերջին տարիներին նվազել է, ինչով և պայմանավորված մի քանի տարի շարունակ վարազի որսը թույլատրելի չէր։ Երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները մեծապես ազդեցություն են ունենում բուսական և կենդանական աշխարհի վրա, ուստի պահպանությունը ենթադրում է գործողությունների իրականացնում հաշվի առնելով նաև նշյալ հանգամանքները։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում