Մարգագետնային մկնաճուռակ. Հայաստանի Կարմիր գիրք

Մարգագետնային մկնաճուռակը Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Սակավաթիվ, խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Տարածվածությունը: Պոպուլյացիայի հիմնական մասը բնակեցնում է Արևելյան Եվրոպայից մինչև Արևմտյան Սիբիրի տարածքը, հայտնի են հանդիպման առանձին օջախներ Արևմտյան Եվրոպայում և Կովկասում:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում բնադրում է միայն ծայր հյուսիս–արևմուտքում, չուի ժամանակ հանդիպում է հանրապետության համարյա ամբողջ տարածքում: Հայկական պոպուլյացիայի հիմնական մասը բնադրում է «Արփի լիճ» ազգային պարկում:

Ապրելավայրերը: Գերադասում է լեռնամարգագետնային բիոտոպերը:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բնադրում է հողի վրա: Տարեկան ձվադրում է մեկ անգամ, ձվակույտում` 2–6, սովորաբար, 3–5 ձու: Կերը հայթայթում է բաց տիպի լանդշաֆտներում: Սնվում է առավելապես մանր կաթնասուններով, մանր թռչուններով, երկկենցաղներով, սողուններով և միջատներով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն: Նախնական գնահատմամբ՝ հանրապետությունում այն կազմում է 5–10 բնադրող զույգեր: 2008 թ –ի տվյալներով՝ Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում է 7 առանձնյակ:

Վտանգման հիմնական գործոնները: Մարգագետնային մկնաճուռակի թվաքանակի վրա բացասաբար է ազդում առանց է կոլոգիական պայմանները հաշվի առնելու հողային ռեսուրսների օգտագործումը, գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը, ապօրինի որսը կամ սպանելը:

Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում: Անհրաժեշտ է վերանայել հողային ռեսուրսների կառավարման և էկոլոգիական փորձաքննության, ինչպես նաև գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի քաղաքականությունը: Ուժեղացնել վերահսկողությունը գիշատիչ թռչունների խրտվիլակների պատրաստման և վաճառքի նկատմամբ: Մշակել տաքսոդերմիստների հավաստագրման և նրանց մոտ բերվող գիշատիչ թռչունների դիակները քննելու համակարգ: Կազմակերպել բնակչության էկոլոգիական կրթության դասընթացներ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում