Սպիտակագլուխ անգղ. Հայաստանի Կարմիր գիրք
Սպիտակագլուխ անգղը Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է։
Կարգավիճակը: Սակավաթիվ, վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:
Տարածվածությունը: Տեսակի պոպուլյացիայի հիմնական մասը տարածված է Հյուսիսային Աֆրիկայից` Հարավային Եվրոպայով դեպի հարավ` մինչև Կենտրոնական Ասիա, Տաջիկստան և Ալթայ:
Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է համարյա ամբողջ տարածքով, բացի հանրապետության հյուսիս–արևմուտքից:
Ապրելավայրերը: Բնադրում է առավելապես, բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծ.մ. 800–2000 մ բարձրություններում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում են մեկ անգամ` մեկ ձու: Սնվում է կենդանիների դիակներով, հիմնականում` խոշոր եղջերավոր կենդանիների և այլ խոշոր կենդանիների դիակներով:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ենթադրվում է, որ թվաքանակը կազմում է 35–40 բնադրող զույգեր: Պահվում է Երևանի կենդանաբանական այգում` 15 առանձնյակ, և Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում` 110 առանձնյակ:
Վտանգման հիմնական գործոնները: Սպիտակագլուխ անգղի թվաքանակի վրա կարող են ազդել թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով, ապօրինի որսը և սպանելը, թակարդներով բռնելը և թունավորումը թակարդներում դրված կերով, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը:
Պահպանության միջոցառումները: Առնվազն 5 զույգ բնադրում են «Խոսրովի անտառ» արգելոցում: Մյուս զույգերի կերային տարածքները գտնվում են «Շիկահող» արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկում: Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում: Անհրաժեշտ է ուժեղացնել ապօրինի որսի վերահսկողությունը, ինչպես նաև վերանայել գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործումը` իրականացնելով այն էկոլոգիապես ավելի անվտանգ մեթոդներով: Ուժեղացնել վերահսկողությունը գիշատիչ թռչունների խրտվիլակների պատրաստման և վաճառքի նկատմամբ: Մշակել տաքսիդերմիստների հավաստագրման և նրանց մոտ բերվող գիշատիչ թռչունների դիակները քննելու համակարգ: Խիստ անհրաժեշտ է կազմակերպել բնակչության էկոլոգիական կրթության դասընթացներ: